Ռազմարդյունաբերություն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն նախարարությանը ենթակա մարմին է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա: 

Կոմիտեի հիմնական նպատակներն ու խնդիրներն են․ 

    • հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը,
    • զինված ուժերի և այլ զորեքրի զորահավաքային պահանջմունքների բավարարումը,
    • ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
    • ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն և նորարարական զարգացումը,
    • զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի և դրանց առանձին հանգույցների ու սարքավորումների վերականգնման և արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման ու արտադրության կազմակերպումը,
    • ռազմարդյունաբերական համալիրում ռազմական պատվերի կատարման որակի հսկման ապահովումը,
    • ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով զինված ուժերի և այլ պատվիրատուների պատվերների կատարման ապահովումը,
    • մասնակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործընթացներին,
    • ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտական և գիտատեխնիկական մշակումների կազմակերպումը,
    • ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը,
    • ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը, հաստատումը և տեղադրումը,
    • ռազմական կարիքների համար պետական պատվերի բնագավառում մենաշնորհից պաշտպանվածության ապահովումը,
    • ռազմավարական հումքի, նյութերի և էլեկտրոնային դետալների պետական պահուստի ստեղծումը,
    • ռազմարդյունաբերական գործունեության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը,
    • ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական կառավարման ապահովումը: 

Կոմիտեն մշտապես աջակցում է ցուցաբերում նոր ձևավորվող ընկերություններին, մասնակցում է մարտական զենքի արտադրության համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմնի աշխատանքներին և տրամադրվող լիցենզիայի պայմանների նկատմամբ հսկողության իրականացմանը:

Կոմիտեն մշտապես նպաստում է պետություն-մասնավոր ներդրող համագործակցությանը, ձեռնարկում է քայլեր ռազմարդյունաբերության ոլորտ մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը Ռազմարդյունաբերության կոմիտեի գլխավոր նպատակներից է, ուստի մեծ տեղ է հատկացվում նոր գաղափարների կյանքի կոչմանը, արդիական արտադրատեսակների և տեխնոլոգիաների մշակման գործընթացներին:

Նորարար գաղափարների իրագործման ուղիներից մեկն է հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ֆինանսավորումը:

Կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների հիմնական ուղղություններն են․

    • ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր,
    • կապի և տվյալների գաղտնագրման և փոխանցման համակարգեր,
    • արհեստական բանականությամբ համալրված անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր,
    • հակաօդային պաշտպանություն,
    • օպտիկաէլեկտրոնային, լազերային և ջերմատեսիլ սարքեր,
    • դիտարկման և պարագծի հսկման համակարգեր,
    • 21-րդ դարի զինվորի հանդերձանք, անձնական պաշտպանության միջոցներ, բազմասպեկտրալ քողարկիչ ցանցեր,
    • նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զինատեսակներ,
    • ԱԹՍ֊ների, հրթիռների և ռումբերի կառավարման համակարգեր,
    • հրթիռային կարծր վառելիքներ, բարձր էներգետիկ պայթուցիկ նյութեր: 

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մրցույթ

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ներկայացնել ԳՀ և(կամ) ՓԿ հայտ՝ համաձայն ՀՀ կառավարության 2025թ․ հունիսի 20-ի N821-Ն որոշմամբ հաստատված կարգի (Ձև N1) և տեղեկանք՝ (Ձև N2), այն առձեռն ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 1-ին բաժին (հասցեն՝ ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3): Հայտերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ, ժ․ 11.00-13.00:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված հայտերն ամփոփվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հեռանկարային գերակայություններից և առաջնահերթություններից:

Հետագա գործընթացը ուղղորդվում է Կոմիտեի կողմից:

Փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների պատրաստման աշխատանքների մրցույթ

Փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների պատրաստման աշխատանքների մրցույթին մասնակցելու համար ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ներկայացնել ՓՊԱ հայտ՝ համաձայն ՀՀ կառավարության 2025թ. մարտի 13-ի N 293-Ն որոշմամբ հաստատված կարգի Ձև N1-ի՝ այն առձեռն ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 1-ին բաժին (հասցե՝ ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3):

Հայտերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ, ժ. 11.00-13.00:

Հարցերի դեպքում կարող եք գրել mic@hti.am էլեկտրոնային հասցեին: