Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի թեկնածուին
մարտի 26, 2026
ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի» նախագահի թեկնածուին։ Օրենսդրությամբ սահմանված քվոտայի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից այդ պաշտոնում առաջադրվել է Ներսես Երիցյանի թեկնածությունը՝ 5 տարի ժամկետով։
Նախարարն իր ելույթում կարևորել է Ներսես Երիցյանի՝ շուրջ 23 տարվա մասնագիտական փորձառությունը, որը նա ձեռք է բերել թե՛ ֆինանսական համակարգի թվային լուծումների ձևավորման, թե՛ պետական կառավարման ոլորտում։ Նրա առաջնորդությամբ իրականացվել են թվային նույնականացման գործընթացների բարելավման, էլեկտրոնային տնտեսության խթանման և հասարակության թվային վերափոխմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Հաջորդիվ, նախարար Հայրապետյանը հանձնաժողովի անդամի պաշտոնում (4 տարի ժամկետով) ներկայացրել է Նաիրի Ադամյանի թեկնածությունը՝ ընդգծելով, որ վերջինս ունի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում՝ 7 տարվա ղեկավար պաշտոններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային համակարգերի կառավարման ոլորտում։
Հանձնաժողովի առաջին կազմի անդամի՝ արդեն 3 տարի պաշտոնավարման ժամկետով ներկայացվել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը։ Նշվել է, որ նա 2023-ից հանդիսանում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ֆինանսական տնօրենը։ Ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ խորհրդատվական ծառայությունների և ֆինանսատնտեսական ոլորտներում։